Մեծ հաշվով ինձ համար աշխատասենյակից տպավորություն ստանալու հարց չկա, ինձ համար կարևորն այն է, որ լինի ընդամենը աշխատելու վայր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«Իմ նշանակումից հետո շատ ծանր եմ տարել։ Այս պահին անելիքներս շատ-շատ են»,-ասաց նորանշանակ նախարարը։ 

 

Նախարար Հայրապետյանը մեջբերեց ԵԼՔ դաշինքի նախընտրական դրույթներից մեկը՝ հիշեցնելով, որ, ըստ դրա, պետք է ձևավորվի երկպալատ կառավարման համակարգ, որից մեկը պետք է կազմված լինի սփյուռքի մեր հայրենակիցներից, քանի որ «Սփյուռքի հայրենակիցները պետք է ներգրավված լինեն որոշումների կայացմանը»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ իհարկե ներդրումների մասով շատ կարևոր է և չափազանց մեծ հույսեր են իրենք կապում սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ 

«Ես վստահ եմ, որ միլիոնավոր հայերի մեծ հայրենադարձություն կազմակերպելը շատ իրատեսական է երկարաժամկետ ծրագրում, սակայն միայն Սփյուռքի նախարարությունը չէ, որ այս հարցում ունի անելիքներ։ Անողոք պայքար է պետք է մղել կոռուպցիայի դեմ, պետք է պաշտպանել բիզնեսմենների շահերը, մենք կիրականացնենք ներգաղթ, սակայն դա ամենօրյա ռեժիմով աշխատանքն է պահանջում»,-ասաց նախարարը։ 

Վերջինս նշեց, որ պատրաստվում է իրականացնել բազմաթիվ փոփոխություններ և նախկինում իրականացված ծրագրերից ոմանք առհասարակ կարող են դադարեցվել՝ չբացառելով, որ դրանց թվում կարող է ընդգրկվել նաև «Արի տուն» ծրագիրը: