Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կարևոր չէ՝ նոր կառավարության անդամները երիտասարդ են, թե ոչ, հարցն այն է՝ արդյո՞ք կառավարությունն իր առջև դրված խնդիրները կիրականացնի, թե՝ ոչ:

«Հայաստանի նոր կառավարության աշխատանքը պետք է գնահատել հարյուր օր անց: Սա ժամանակավոր կառավարություն է, դեռ կան գլխավոր դատախազության, ՀՔԾ և Քննչական կոմիտեի ղեկավարներ, որոնք հին իշխանության ներկայացուցիչներն են: Հայաստանը դուրս է գալիս վասալային գործընթացից: Դրական է, որ որոշ նախարարներ, ովքեր նախկին իշխանության խորհրդանիշներն էին, չհայտնվեցին նոր կառավարությունում՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Պաշտպանության և Արդարադատության նախարարները, իսկ ամբողջովին աշխատանքը դրական կլինի, թե ոչ, կերևա հետագայում: Խնդիրների իրականացման դրական արձագանքներ արդեն գալիս են, օրինակ՝ մաքսայինից»,- ասաց նա:

 

Քաղտեխնոլոգն, անդրադառնալով վարչապետի թափանցիկ աշխատանքին, մասնավորապես, ուղիղ եթերներին՝ նշեց, որ դա թափանցիկության փոքր-քիչ հասարակ ձև է, իսկ իրականում կառավարության թափանցիկությունը մաքսայինում, հարկայինում, դատաիրավական համակարգերում է:

Բադալյանի կարծիքով՝ ժամանակի ընթացքում հեղափոխական պաթոսը կպակասի և եթե այս ընթացքում կառավարությունը կարողանա իրականացնել որոշակի բարեփոխումներ, նա նույնպես մեծամասնություն կստանա. «Եթե հուլիսին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է մեծամասնություն ստանալ՝ հենվելով հեղափոխական այս պաթոսի վրա, բայց մյուսները կարող են տուժել»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն ընտրությունների. «Արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն կհավաքի անհրաժեշտ ձայները, գրագետ քարոզարշավի դեպքում խորհրդարան կանցնեն ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը բավական ազդեցիկ խմբով: Հավանական է, որ անցնի նաև ՀԱԿ-ը, նաև հավանական է, որ կստեղծվի մի նոր ուժ, որը կներկայացնի Հայաստանում ռուսական կողմնորոշման ընտրողներին, որովհետև իրենք իրենց ներկայացուցչությունը չունեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հավանականությունը մեծ է, որ ՀՀԿ-ն չի անցնի: