ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրերին երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը՝ արձագանքելով Reuters գործակալությունում հրապարակված հոդվածին:

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար կցանկանայի հայտնել Մարգարիտա Անտիձեին (հոդվածի հեղինակն է – Tert.am), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ երկրի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»,- ասվում է Նաիրի Պետրոսյանի անգլերեն գրառման մեջ, որում վերջինս նաև նշել է (պիտակել է) հոդվածի հեղինակ Մարգարիտա Անտիձեին:

Հիշեցնենք, որ Reuters գործակալությունն իր դիվանագիտական աղբյուրին հղում անելով գրել էր, թե ապրիլի 23-ին իր հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, ինչն ավելի լայն իրավունքներ կտար ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարում։