ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հանդիպել է Հայաստանի դիվանագետների հետ և հանդես եկել ելույթով:

Նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր արաջնահերթություններից մեկի` Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:

 

«Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա այն դիրքորոշումն է, որին այսօր աջակցություն է հայտնում միջազգային հանրությունը», – ասել է Է.Նալբանդյանը:

Նրա խոսքով, եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը:

«Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ առանց Արցախի մասնակցության անհնար կլինի հիմնահարցի համապարփակ ու տևական հանգուցալուծումը: Այսօր համանախագահները կիսում են այս տեսակետը և դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում: Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, հենց վերջին տարիներին է նաև, որ եռանախագահները սկսեցին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով», – ասել է Է.Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ այսօր անվարան կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս շեշտել է, որ համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

 

«Տեղի ունեցած զարգացումները հիմնավորում են մեր կողմից ընտրված մարտավարության և քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Մեր արձանագրած ձեռքբերումները տարիների հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի արդյունք են։ Դրանց պահպանումն ու ամրապնդումը ևս մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի հնարավոր լինի այդ հիմքի վրա գնալ կարգավորման», – ասել է Է.Նալբանդյանը: