Մարտունու բնակիչները սպառնում են փակել Մարտունու փոքր ՀԷԿ-ի ջուրը, քանի որ, ըստ իրենց, ՀԷԿ-ն իրենց համայնքի համար բնապահապանական լուրջ խնդիրներ է առաջացնում:

Բողոքի ակցիաները սկսվել են դեռեւս 3 օր առաջ: Այսօր դրանք կարծես թե հանգուցալուծման փուլ մտան. կայացավ ՀԷԿ-ի տնօրինության, համայքնի ղեկավարի, ՀԿ ներկայացուցիչների, բնակիչների հանդիպումը, ովքեր քննարկեցին խնդիրը:

 

Համայքնի ղեկավար Արմեն Ավետիսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց, որ սեփականատերերին առաջարկություններ և պահանջներ են ներկայացվել, այն է՝ փոխհատուցել բնակիչների օգտագործած էլէկտրաէներգիայի ծախսերը և բարեկարգել ճանապարհը: Բողոքող քաղաքացիների պահանջը պետք է քննարկվի 10-օրյա ժամկետում:

Բնակիչներն ասում են, որ սեփականատերերը, դեռ ՀԷԿ-ը կառուցելուց առաջ, բանավոր խոստում էին տվել այս հարցերով զբաղվել, վերջիններս, սակայն, պնդում են, որ նման խոսակցություն երբեւէ չի  եղել:

Հանդիպմանը մասնակից ՀԿ ներկայացուցիչները իրավիճակից ելքը տեսնում են միայն ՀԷԿ-ի փակման մեջ՝ հաշվի առնելով բնությանը հասցվող լուրջ էկոլոգիական վնասը, համայնքապետ Արմեն Ավետիսյանը, սակայն, հարցի կոմպրոմիսային լուծման կողմնակից է. «Կողմ եմ, որ ՀԷԿ-ը գործի, եթե պահպանվեն բոլոր պարամետրերը, որի արդյունքում բնությանը վնաս չի հասցվի, ինչպես նաև բնակիչների ներկայացրած պահանջները պետք է բավարարվեն: Սակայն սեփանակատերերը չեն ցանկանում այդ խնդիրներով զբաղվել և ավելի նպատակահարմար են համարում, որպեսզի մենք հաշվարկներ կատարենք և ներկայացնենք այն գումարը, որն անհրաժեշտ է տվյալ պահանջները բավարարելու համար: Իրենք էլ կքննարկեն և գումարը կփոխանցեն համայնքի բյուջե, որն էլ ընթացք կտա խնդիրների լուծմանը: Այս առաջարկին մենք նույնպես համաձայն ենք»,-նշեց Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը:

Համայնքապետը հույս ունի, որ հանդիպումների ու քննարկումների արդյունքում հնարավոր է գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը. «Խնդիրը պետք է այնպես լուծվի, որ ոչ շիշը վառվի, ոչ քյաբաբը»,- ասաց նա: