Այսoր' մայիսի 14-ին, Լոռու մարզի Լեռնապատի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը։

Բողոքի ակցիայի պատճառը կաթի մթերման ցածր գներն են։ Բնակիչների խոսքով, ընկերություններն այս պահին կաթը մթերում են 130 դրամով՝ 180-ի փոխարեն։ Ըստ բնակիչների՝15 օր առաջ մթերողներին կաթը հանձնել են 180 դրամով, սակայն կաթի գինը ամեն երկու օրը մեկ 10-ական դրամով իջել է։ Կաթ մթերողները չեն պարզաբանել, թե ինչով է պայմանավորված կաթի մթերման գնի նվազումը։

Ցուցարարները պահանջում են Գյուղատնտեսության նախարարությունից որևէ մեկի հետ հանդիպում։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը տեղեկացրեց, որ բողոքի ակցիաներ իրականացնող բնակիչներն արդեն բացել են միջպետական ճանապարհը, իսկ ֆերմերները, ովքեր բողոքում էին կաթի մթերման ցածր գներից, մթերողների հետ համաձայնություն են ձեռք բերել. չնայած կաթի գինը օրեր առաջ 180 դրամ էր, նրանք համաձայնվել են առայժմ կաթը մթերել 160 դրամով։