«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ գրում է.

«ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ ...ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր»։

Էս կարո՞ղ է հիմա էլ բան ու գործ թողնենք և սկսենք պայքարել այսպիսի ծայրահեղ վտանգավոր ու անհեթեթ ծրագրերի դեմ։ Այս նորանշանակը ո՛չ Սփյուռքից է բան հասկանում, ո՛չ ազգային անվտանգությունից, ո՛չ էլ անկախ պետականությունից։ Ի՞նչ է, ուզում են օրենսդրորեն ոչնչացնել ՀՀ ինքնիշխանության վերջին նշույլները։ Ուզում են իրագործե՞լ ՀՀ տխրահռչակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» խայտառակ հոդվածի դրույթներն առանձին վերցրած հայկական պետությունում։
Շատ կարևոր է պարզել, թե որտեղի՞ց է ծագում այս հակապետական գաղափարախոսությունը։ Ահա այստեղ ԱԱԾ նորանշանակ պետի համար առաջանում է կարևոր ու հրատապ մի գործ։ Ու առհասարակ, այդ որտե՞ղ ու ո՞ր երկրում են նման խորհրդարան տեսել։
Այս երիտասարդին պետք է բացատրել, որ Սփյուռքը նախևառաջ մեր ցավն է ու թուլությունը, այլ ո՛չ թե մեր ուժը, ինչպես ինքն է երևի կարծում։
Իր ու իր թմի պատկերացրած այդ զավեշտալի խորհրդարանում ամերիկահպատակ սփյուռքահայը պաշտպանելու է ԱՄՆ-ի շահերը, ռուսաստանահպատակը՝ ՌԴ-ինը, ֆրանսահպատակն էլ՝ Ֆրանսիայինը, իսկ Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը հայտնվելու են տասներորդ պլանում։
Այս հարցերի մասին այնքան շատ եմ գրել, որ արդեն հոգնել եմ։ Եթե մասնագետների ու հասարակության հետ խորհրդակցելու ունակություն ունեն, թող կարդան գոնե իմ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ» 80-էջանոց գլուխը (տե՛ս Հիմնատարրեր' Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի: Մասն Ա, 2-րդ լրամշակված հրատ., Երեւան, 2004, էջ 161-241):
ՀՀ նոր կառավարությունը թող զբաղվի ոչ թե մեռելածին պետականաշինական փորձարարությամբ, այլ վերջապես կառուցի ազգային անվտանգության գործուն համակարգ՝ ապահովելով ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությունը։