ԼՈւՐԵՐ․com
-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին Սահմանդրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման հետ կապված որոշակի առաջարկով։

Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախկին դատավորի թեկնածության շուրջ Ազգային ժողովում հնչած քննադատությունները, անհրաժեշտ է նախքան ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը հանդիպումների շարք սկսել, լսել իրավաբանական հանրության առաջ քաշած խնդիրները, առաջարկությունները, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հետ կապված լսել նաև հասարակական կազմակերպությունների առաջարկությունները: Սարգսյանը նաև հայտնել է իր պատրաստակամությունը դրանք լսելու վերաբերյալ։ 

 

Նշենք, որ Սահմանադրության 141 հոդվածի 3-րդ կետի համաաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ավելի վաղ  առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականն Էր։

Ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություն դիմել էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով չընտրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին:

ԱԺ նախագահն այդ ժամանակ ականջալուր չեղավ ՀԿ-ների առաջարկին, Էմիլ Բաբայանի թեկնածությունը դրվեց քննարկման և միայն ընդդիմադիր պատգամավորների բոյկոտի արդյունքում Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր։