Հայաստանում սկիզբ առած թավշյա հեղափոխությունից և իշխանության փոխանցումից հետո լուրջ կադրային տեղաշարժեր սկսվեցին պետական գերատեսչություններում։

Պարզվում է` իշխանության փոխանցումն այդքան էլ անցնցում չի եղել նաև լրատվամիջոցների համար։

 

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝  մոտ ապագայում կփակվեն մի շարք օնլայն լրատվամիջոցներ, չի բացառվում, որ փակվեն նաև թերթեր  և հեռուստաընկերություններ։ 

Մասնավորապես՝ շուտով կփակվի Հենարան․am կայքը, որի խմբագիրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինն է՝ Լիլիթ Դավթյանը։ Նշենք, որ կայքի լրագրողներն արդեն գործազուրկ են և աշխատանք են փնտրում այլ լրատվամիջոցներում։ 

Արդեն իսկ փակ է «Հայոց աշխարհ» թերթի կայքը, իսկ լրագրողները դեռևս աշխատանք չունեն, թեպետ հավաստիացումներ կան, որ որոշ ժամանակ անց կայքը կրկին կգործարկվի:

Ըստ տարածված լուրերի՝ փակվում է նաև ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերությունը, որի լրագրողներն արդեն իսկ նոր աշխատանքի փնտրտուքով են տարված, սակայն հեռուստաընկերության տնօրեն Հրանտ Մելիք—Շահնազարյանը հերքեց լուրը  և նշեց, որ պատրաստվում են ընդլայնել հեռուստաընկերության լրատվական բլոկը և ՀԸ փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ, կան տեղեկություններ, որ «Արարատ» հեռուստաընկերության լրագրողներն արդեն սկսել են նոր աշխատանք փնտել։