Այսօր նորակերտցիները կրկին փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետի հրաժարականը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նորակերտ համայնքի բնակիչներից մեկը: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բնակիչները պահանջում են, որպեսզի համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը ներկայացնի իր 10 տարվա պաշտոնավարման հաշվետվությունը, թե ինչ եղանակով է տնօրինվել համայնքային բյուջեն և վերադարձնել, բնակիչների պնդմամբ, անհայտ ճանապարհներով սեփականաշնորհած գույքը կամ հրաժարվել պաշտոնից:

 

Թեև երեկ բնակիչները ստորագրահավաք էին իրականացրել՝ ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, բայց մեր զրուցակցի խոսքով՝ իրենց պահանջների վերաբերյալ ո՛չ համայնքի ղեկավարը և ո՛չ էլ ավագանին հստակ պատասխաններ չեն տվել, ուստի այսօր ևս վաղ առավոտից բնակիչները փակել են ճանապարհը:

«Ինչքան գյուղին պատկանող անշարժ գույք կա՝ սեփականաշնորհել է անհայտ ճանապարհներով. կամ իրեն է պատկանում, կամ իր մերձավորներին»,- ասաց Նորակերտ համայնքի բնակիչը:

Նշենք, որ Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանն արդեն 16 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը: Ի դեպ, նա Հանրապետական կուսակցության անդամ է:

Տեսանյութը՝ ԼՈւՐԵՐ.com

Լուսանկարները՝ hetq.am