Նոր Կառավարության ձևավորումից, Գարեգին Չուքասզյանի ազատ արձակումից հետո նոր թափ ստացան «Սասնա Ծռերին» ազատ արձակելու մասին խոսակցությունները։ Նրանց պաշտպաններն այսօր արդեն միջնորդությամբ դիմեցին դատավորին՝ նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար։

Թեմայի վերաբերյալ երեկ ուղիղ եթերով իր դիրքորոշումը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց քաղբանտարկյալների խնդրի հետ կապված գործերը տարանջատել՝ նշելով, որ կան քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր,  և կան գործեր, որտեղ կան զոհեր: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է «Սասնա Ծռերի» գործին․ «Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով»,-մասնավորապես ասել էր Փաշինյանը։

«Սասնա Ծռերի» գործով հերթական դատական նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ վարչապետի երեկվա արձագանքին և նշեց, որ  ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է․ «Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե՝ գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով՝ նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով»,-դատարանում ասաց Ավետիսյանը, ապա շարունակեց։

 

«Ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակներն են և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը, և, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը և ընդգծեց, որ Սահմանադրության հաշվին համերաշխություն հաստատելու, ձևական օրենք պահպանելու ցանկությունը վտանգավոր է։ 

Նշենք, որ «Սասնա Ծռերի» նկատմամբ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 16։00-ին։