Այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց և պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Մերժի՛ր Տարոնին» կոչով, նրանք իրենց հետ բերել են «Տարո՛ն, հիմա քո հերթն ա», «Տարո՛ն, հեռացի՛ր», «Տարո՛ն, բռնարա՛ր», «Ապամոնտաժե՛նք Տարոնին» գրառմամբ պաստառներ: Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ:

«Այստեղ ոչ մի քաղաքական հարց չկա, մարդիկ են հավաքվել, ովքեր ունեն բնակարանի խնդիրներ, կա ծառերի ոչնչացման խնդիր: Մենք մինչև վերջ բողոքելու ենք, ուզում ենք, որ մեզ թույլ տան բարձրանանք վերև և բացատրենք՝ ինչ ինստիտուցիոնալ խնդիրներ ունենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով, որ իրենք չեն ուղղորդվում որևէ մեկի կողմից: 

 

Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն էլ փակել է Արգիշտի փողոցը, որտեղ այս պահին դադարեցվել է երթևեկությունը: 

Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց են նաև Տարոն Մարգարյանի աջակիցները, ովքեր համատարած պարզել են «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրառմամբ պաստառներ և վանկարկում են «Մենք ենք տերը Տարոնի»: Սակայն բողոքող քաղաքացիները վստահեցնում են՝ Մարգարյանին սատարողները հատուկ բերված մարդիկ են, որոնց իրենք անձամբ են ճանաչում: