Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Գյումրու ավագանին քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարց էր դրել քննարկման:

Քվեարկությունից հետո Սամվել Բալասանյանը ներկայացրեց արդյունքները:

 

«Չօգտագործված քվեաթերթիկներ՝ 18, մարված՝ 18, վավեր քվեաթերթիկ՝18: Որոշումը չի ընդունվել, վե՛րջ»,- հայտարարեց Բալասանյանը՝ հավելով, որ ինքը շնորհակալ է ավագանու անդամներից, նաև նրանցից, ովքեր միացել են անվստահություն հայտնելուն:

«Մենք այսօր 18 դեմ ձայն ունեցանք, նույնիսկ թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը նույնպես դեմ է քվեարկելու, սա քաղաքականություն է»,- ասաց Բալասանյանը և նկատեց, որ այս կերպ իր լեգիտիմությունն ավելի ակնառու եղավ: 

Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության խումբը ներկայացրել էր նաև իրենց թեկնածուին՝ ավագանու անդամ, գործարար Տիգրան Հովհաննիսյանին, ով արդեն վեց տարի է՝ ավագանու անդամ է:

Նիստի մեկնարկին «ԳԱԼԱ» խմբակցության անդամները նշել էին, որ սա կեղծ օրակարգ է, քանի որ նախաձեռնող խումբը հատուկ է Բալասանյանին անվստահություն հայտնում, որպեսզի նման կերպ կարողանա երկարացնել նրա գործունեությունը ևս մեկ տարով: «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից:

Թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս ընթացքում ինքն ընդհանրապես որևէ գործունեություն չի ծավալել, նշեց, որ ավագանու անդամ լինելու 6 տարվա ընթացքում ստացել է 700 գրավոր և նույնքան էլ բանավոր դիմումներ քաղաքացիներից:

«Վստահ եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում»,-նշեց թեկնածուն՝ հավելելով, սակայն, որ չնայած ինքը ևս ստորագրել է անվստահություն հայտնելու դիմումի տակ, այնուամենայնիվ, կողմ է Բալասանյանին: Թեկնածուն հրաժարվեց պատասխանել նիստում հնչեցրած որևէ հարցի:

Գյումրու քաղաքապետարանն ավագանու 13 անդամներից ընդունել էր  քաղաքապետին անվստահություն հայտնելու դիմում: Ի դեպ, նրանցից 10-ը հենց «Բալասանյան» դաշինքից էին: Նրանց միացել էր մեկ թեկնածու ՕԵԿ-ից, երկուսը՝ ԲՀԿ-ից: