«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրե­նակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին «կողմ» քվեարկելու պատճառով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունից հետո վերջինս պետք է հրապարակային ներողություն խնդրի ՝ իր հանդեպ արտահայտած անհարկի վիրավորանքի համար: 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով  ՀՀԿ–ից կողմ քվեարկողների հայտարարած թվի և քվեարկության արդյունքների իրար չհամապատասխանելու մասին, հնչեցրել էր Շիրակ Թորոսյանի անունը և հայտարարել, թե՝ «գեղ չկա, որ շուն չլինի»:

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ Բաղդասարյանի հայտարարությունը հարուցել է ոչ միայն իր, այլև հազարավոր մարդկանց զայրույթը, ուստի պետք է ՀՀԿ խմբակցության ղեկավարը մամուլով ներողություն խնդրի  իրենից: «Դա է իմ տեսակետը, բայց նա այդ քայլին կգնա, թե ոչ, դա արդեն իր խնդիրն է: Ես առայժմ սպասում եմ Բաղդասարյանի ներողությանը: Դա քաղաքական դիրքորոշման հարց է, և եթե ինքը պատրաստ չէ ներողություն խնդրել, ապա դա իր քաղաքական դիրքորոշումը կլինի և կշարունակի արժանանալ  հասարակական մեծ պարսավանքի: Կարծում եմ, որ դա նույնպես կլինի իր կողմից կատարած արարքի հանդեպ դրսևորվող պատասխաններից մեկը, քանի որ նրա այդ հայտարարությունը բոլորի մոտ վատ տպավորություն է թողել լ»,– ասաց Շ. Թորոսյանը:

Հարցին, թե ինչքան է պատրաստ սպասել Վ. Բաղդասարյանի  պատասխանին, Շ. Թորոսյանը հստակ ժամկետներ չնշեց: Միայն ասաց, որ ինչքան ուշ Բաղդասարյանը ներողություն հայցի, այնքան ավելի կմեծանա հասարակության դժգոհությունը: Շ. Թորոսյանը նշեց նաև, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը զայրացրել է նաև ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին, այնպես, որ կարող ենք ենթադրել, որ չի բացառվում, որ Բաղդասարյանը միայն ներողություն խնդրելով չպրծնի: Ինչ վերաբերում է ներքաղաքական կոնֆլիկտներին,  ակնհայտ է, որ կուսակցության ներսում առկա տարբեր խմորումների ֆոնին Թորոսյան–Բաղդասարյան կոնֆլիկտը նույնպես կարող է ներկուսակցական հրաբուխի պատճառ դառնալ՝ իր հետ բերելով բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ,  որոնց դեմն առնելը, ամենայն հավանականությամբ, այդքան էլ հեշտ չի լինի: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում