Այսօր` մայիսի 18-ին, բնապահպան Սիլվա Ադամյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառահատման դեպքերի մասին։
 
Հիշեցնենք, որ այդ տարածքում Վարդանյան ընտանիքը բարեկարգման աշխատանքներ է տանում և այդ հարցի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ վերջին շրջանում, ընդհուպ՝  կայծ դարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի:
 
Սիլվա Ադամյանը նշեց, որ դեռևս փետրվարից ծառահատման դեպքերի մասին իրենք տեղեկություններ ունեին, նաև համապատասխան ընթացակարգ են սկսել. նամակ են ուղարկել քաղաքապետարան, ոստիկանությունը փաստով ստուգումներ է անցկացրել, սակայն գործին իրավական ընթացք չի տրվել:
 
Բնապահպանի խոսքով՝  իրավաբանների հետ համագործակցության արդյունքում պարզել են, որ երբ սկսվել են աշխատանքները, շրջակա միջավայրի փորձաքննություն չի եղել, ինչը պահանջվում է օրենքով։
 
«Եթե մենք փորձում ենք կառուցել օրենքի երկիր, ապա պետք է վերադառնանք օրենքին։ Այո՛, ծառերը չենք վերադարձնի, բայց պետք է ստիպենք հասկացնել, որ օրենք է խախտվել և բոլորը պետք է պատասխան տան։ Թող սա լինի օրինակ, որ հասկանան՝ նույնիսկ եթե ծառերը հատվել են՝ միևնույնն է՝ աշխատանքները պետք է դադարեցվեն»,-նշեց բնապահպանը։
 
Բնապահպանը նշում է, որ իրենք պատրաստվում են նամակ գրել վարչապետին և տեղեկացնել՝ օրենքի խախտում է եղել, համապատասխան ընթացակարգ չի իրականացվել։
 
Լրագրողների այն հարցին, թե գուցե բնապահպանները դիմեն Վարդանյան ընտանիքին և նշե՞ն օրենքի խախտումը; Սիլվա Ադամյանը պատասխանեց, որ այդ մասին չեն մտածել, բայց կարծում է՝ կդիմեն։