Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարման ղեկը ստանձնեուց հետո, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև «Սասնա Ծռեր»-գործով դատավարությանը և, մասնավորապես, նրանց ազատ արձակելու պահանջին։

Փաշինյանը նշել է, որ չեն կարող ՔԿՀ-ների դռները բացել և բոլորին այնտեղից ազատ արձակել, ինչին շատ կտրուկ արձագանքել է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Վարուժան Ավետիսյանը՝ դատարանում հայտարարելով․ «Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե՝ գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով՝ նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին»։

 

ԼՈւՐԵՐ․com-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից գնահատականներ խնդրեց այս հակադիր հայտարարությունների մասին․ 

«Զինված խմբի անդամները, չունենալով, այլ ելք, գնացել են այդ քայլին։ Եկեք հիշենք, որ Փաշինայնն այդ օրերին նրանց այցելեց և, փաստորեն, նրան այդ ժամանակ չհաջողվեց որևէ բան անել։ Փաշինյանին չհաջողվեց բաց ձեռքերի քաղաքականությունն այնտեղ կիրառել և այդ ժամանակաշրջանում իշխանություններից ազատվելու տարբերակ դիտարկվեց «Սասնա Ծռերի» ընտրած տարբերակը, որն, ի դեպ դարձավ նախահիմք և նախադրյալ թավշյա հեղափոխության հաղթանակի համար, որովհետոև իշխանությունները հասկացան, որ այս անգամ չհանձնվելու պարագայում կգա մի նոր «Սասնա Ծռեր»»։

Քաղաքագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի համար գերակա խնդիր է բացել բոլոր կարված քրեական գործերը , և անել այնպես, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չինեն, հակառակ պարագայում ակնհայտ է, որ քաղբանտարկյալների գոյությունը միայն ՀՀԿ-ին է ձեռնտու։ «Իրավական արդար քննություն է պետք տանել, և՛ «Սասնա Ծռերի», և՛ Սամվել Բաբայանի գործով։ Ես հասկանում եմ նրանց կողմնակիցների՝ րոպե առաջ իրենց հարազատներին ազատության մեջ տեսնելու ցանկությունը, սակայն պնդում եմ՝ նոր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ արդարացի քննություն իրականացնելու համար։ Կարծում եմ՝ որ դատաիրավական համակարգում կատարվող նոր փոփոխությունները «Սասնա Ծռերի» և  Սամվել Բաբայանի հարցով շատ փաստեր պետք է վեր հանեն»։

Աղավնի Սուքիասյան