Ապրիլին համաժողովրդական ճնշման շնորհիվ իշխանությունը Հայաստանում փոխվեց, սակայն խոստացված արտահերթ ընտրությունների խնդիրը մնում է բաց։ Բաց է մնում նաեւ այն հարցը, թե իրականում ինչ է տեղի ունեցել այս ժամանակաշրջանում՝ «կառավարափոխությո՞ւն», թե՞, այնուամենայնիվ, դրվել է համակարգային փոփոխությունների սկիզբը։

 Հեղափոխություններից հետո միշտ սկսվում են հետհեղափոխական ցնցումները։ Ուժային եղանակներով խնդիրներ լուծելու գայթակղությունը մեծանում է։ 1988-ից հետո տարիներ էին պետք ցույցերի, բռնությունների, երբեմն էլ զենքի միջոցով տարբեր տիպի հարցեր լուծելուց հրաժարվելու համար։ Նույնը կատարվում է Ուկրաինայում՝ ավելի կոշտ ու բիրտ ձեւերով։ «Ուժն է ծնում իրավունք» ասվածը հեղափոխականների սիրված կարգախոսն է։

Սակայն հետհեղափոխական «ավտոշոկերն» իրենց հիմքում նաեւ այլ, խորքային պատճառներ են ունենում։ Նման ժամանակաշրջաններում ցանկացած հիմնարար սխալ լուրջ հետեւանքների է հանգեցնում։ «Հեղափոխականների» քաղաքական սխալները կամ ուղղակի այլ նպատակներ հետապնդելը, որի մանդատը նրանք հեղափոխության ժամանակ հանրությունից չեն ստացել, կարող են տասնամյակների ընթացքում իրենց բացասական հետեւանքները զգացնել տալ։

 

Ի՞նչն այնպես չի կատարվել «թավշյա» հեղափոխության կամ իշխանափոխության ընթացքում։ «Ժողովրդի թեկնածուն»՝ դառնալով վարչապետ, ձեւավորել է կուսակցական կառավարություն։ Նման պայմանավորվածություն Հանրապետության հրապարակում չի եղել։ Այնտեղ «ժողովրդի թեկնածուն» մանդատ է ստացել երկու օրենք փոխելու եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման պայմաններ ստեղծելու համար, ինչպես նաեւ «համաժողովրդական ժողովի» կողմից լիազորվել է օպերատիվ կառավարում իրականացնել մինչեւ ընտրությունների ավարտը։

Ինչո՞վ են միմյանցից տարբերվում կուսակցական եւ ժողովրդական վստահություն վայելող կառավարությունները։

Կուսակցական կառավարություն

Այդ տիպի կառավարությունները ձեւավորվում են ընտրությունների միջոցով եւ դրանց արդյունքում էլ ստանում համապատասխան տարիների լեգիտիմություն իրենց ծրագրերի իրականացման համար։ Դա բնականոն ընթացք է, որը կայանում է քաղաքական օրինական պայքարի ընթացքում։

Վստահության կառավարություն

Վստահության կառավարությունները ձեւավորվում են ճգնաժամային իրավիճակներում շատ կոնկրետ, բայց կարեւոր որոշումներ իրականացնելու համար։ Բնականաբար՝ նման իրավիճակներում հանրային աջակցությունը կարեւոր դեր է կատարում, ինչի համար էլ նման կառավարությունները կոչվում են «վստահության»։ Հանրությանը միավորող շատ որոշակի մի քանի շրջադարձային խնդիրներ լուծելուց հետո «ժամանակավոր կառավարությունը» վայր է դնում լիազորությունները, որից հետո նշանակվում են ընտրություններ։

Ներկայիս կառավարությունը, ըստ այդ տրամաբանության, ժամանակավոր է եւ, ժողովրդական ալիքի վրա գալով իշխանության, հանդիսանում է «վստահության կառավարություն»: Սակայն նման կառավարությունները չեն կարող լինել կուսակցական, որովհետեւ կուսակցականները լուծում են կուսակցական, այսինքն՝ իշխանություն նվաճելու կամ այն պահելու խնդիր եւ չեն կարող համաժողովրդական վստահություն վայելել։

Գործող «ժամանակավոր» կառավարությունը կարիք ունի հանրությանը ներկայացնել շատ կոնկրետ ժամանակավոր ծրագիր, այլապես հակահեղափոխությունն այլ տեղ պետք չէ փնտրել, այն սովորաբար գտնվում է բուն հեղափոխության խառնարանում։

 

Acnis.am-ի խմբագրական