ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար դարձած «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով, որ Հայաստանին պետք է կուտակային համակարգ, քանի որ կուտակայինն ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին: 

Նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին որոշ փոփոխություններ են պետք, որը վերջնականապես կհաստատի Ազգային ժողովը: 

 

Նշենք, որ Ազգային ժողովում դեռևս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունած հանրապետականներն են մեծամասնություն կազմում ու դժվար թե դեմ քվեարկեն իրենց իսկ ընդունած օրենքին։

Իսկ այն, որ այս օրենքում խիստ վիճելի հարցեր կան, փաստ է․ օրինակ՝ ցածր աշխատավարձ ստացողներն ավելի քիչ եկամուտ կունանան, և, հետևաբար, այն ձեռնտու է միայն բարձր աշխատավարձ ստացողներին, վատ է, որ օրենքը տարածվում է մինչև 1974 թ. հունվարի 1-ը ծնվածների վրա, որովհետև նախորդ աշխատանքային ստաժը  անիմաստ կորչում է։ Պարզ չէ նաև, թե, երկրի տնտեսական աճին այս համակարգն ինչ կերպ  է նպաստել, քանի որ արտաքին պարտքի նվազում չի եղել։

Նշենք, որ ժամանակին «ԴԵՄ եմ» շարժումը պահանջում էր չեղարկել պարտադիր կուտակայինը և դրա փոխարեն կտրուկ ավելացնել գիտության ընդհանուր ֆինանսավորումը` երկրի զարգացման ապագան ապահովելու համար, որպեսզի տասնամյակներ անց իրոք լինեն միջոցներ ՀՀ կենսաթոշակառու քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովելու համար, ինչի մասին նորանշանակ նախարարը, ի թիվս այլ խնդիրների, նախընտրել է չբարձրաձայնել։

Եվ հիմա ստացվում է՝ նորանշանակ նախարարի առաջին գործը պարտադիրը կամավորի փոխարինելն է, մինչդեռ կարելի էր հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որն ավելի դրական կդիտվեր, քան նախկիններին խմբագրելն ու  ռեբրենդինգ անելը։ 

Ի դեպ՝ նախկինների ծրագրերը  խմբագրելու ցանկություն է հայտնել նաև Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ով ոչ թե մի զիլ նախաձեռնություն էր առաջարկել, այլ ընդամենը խոսել էր նախկին նախագծերը ռեբրենդինիգի ենթարկելու մասին՝ մասնավորեցնելով «Արի տուն»-ը։