Այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիաներ են ընթանում Վայոց Ձորի մարզում: Տեղացիները դեմ են տարածքում ծավալվող հանքարդյունաբերությանը. պահանջում են հանքի փակում կամ լիցենզիայի, աշխատանքների սառեցում՝ մինչև նոր փորձաքննության իրականացում:

Մասնավորապես, ցուցարարներն այսօր փակել են Ջերմուկ քաղաք տանող երկու ճանապարհները, իսկ արդեն մի քանի օր է՝ փակ են նաև Գնդեվազի և Կեչուտի ճանապարհները:

 

Ի դեպ, ճանապարհները փակ են միայն Ամուլսարի ոսկու հանք գնացող մեքենաների համար. մյուս մեքենաներն առանց խոչընդոտի երթևեկում են: Այդ կերպ տեղացիները փորձում են թույլ չտալ հանքարդունաբերողներին՝ շարունակել իրենց գործունեությունը: Ճանապարհները փակելու հետ մեկտեղ բնակիչները նաև հանքի փակման պահանջով ստորագրահավաք են անցկացնում և արդյունքը կներկայացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հազարավոր պտղատու ծառեր են չորացրել, որ անշունչ ոսկի հանե՞ն: Ո՛չ, էս ոսկու հանքը չի՛ աշխատելու»,- ասում է բողոքող քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ բնակիչների բողոքի ակցիայի առիթ  է հանդիսացել այն, որ Ամուլսարի շինարարական աշխատանքների ժամանակ Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը վնասվել է և համայնքին մատակարարվող ջրին հող է խառնվել:

Ավելի ուշ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել է, որ վթարված ջրագիծը վերանորոգվել է: