Ազգային ժողովի նիստի օրակարգում այսօր քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ 

 

Նախագծի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ նկատելով, որ վերջերս Իսրայել կատարած իրենց այցից հետո այդ պետության հետ կապված շատ լուրջ ակնկալիքներ ունեն։

 

 

Գագիկ Մելիքյանին հարցեր տալու համար հերթագրվեց միայն ԱԺ «Ծառուկյան» խմբացության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ 

 

Սա նկատեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝ նախքան պատգամավորին ձայն տալը ռեպլիկ անելով. «Պետք է ասեմ, որ ինչպես ընդդիմության մեջ, այնպես էլ իշխանության մեջ՝ Դուք միշտ ակտիվ եք»։


Բագրատյանը Մելիքյանից հետարքրքվեց այս օրենքի նախագծի տնտեսական և քաղաքական բաղադրիչների մասին, ինչին ի պատասխան էլ Մելիքյանը նկատեց, որ նախագծի ընդունումն անհրաժեշտ է, քանի որ տեսությունն ու քաղաքականությունն իրարից անկախ չեն, տնտեսությունը հետապնդում է քաքականությանը և հակառակը, տնտեսության օրենքներով ձևավորում է քաղաքականություն և հակառակը։ 

 

Այստեղ ևս մեկ անգամ միջամտեց նիստը վարող Շարմազանովը․ «Տնտեսությունը և քաղաքականությունը, ոնց որ ընդդիմությունը և իշխանությունը»,-տեղից արձագանքեց Շարմազանովը։

«Ո՛չ, ո՛չ»,- Շարմազանովին հակադարձեց Մելիքյանը, ինչն էլ դուր չեկավ Շարմազանովին:

 

«Պարո՛ն Մելիքյան, ես չեմ ասում՝ ինձ ուղղեք, մի րոպե, ե՛ս եմ խոսում։ Ընդդիմությունն ու իշխանությունը միշտ համատեղ են. մեկն առանց մյուսի կամ կլճանա, կամ կվերանա, էնպես որ՝ մենք դատապարտված ենք միասին լինելու»,-ասաց Շարմազանովը։

 

Հ.Գ. Փաստորեն, Շարմազանովն ակնարկեց, որ վատ չի զգում ընդդիմադիրի կարգավիճակում, իրենց ձեռք է տալիս ԱԺ փոխնախագահի կարգավիճակը, որից հավանաբար կզրկվի արտահերթ ընտրություն կազմակերպելու պարագայում։