«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը հոդվածում հիշեցրել է օրերս տեղի ունեցած դեպքերը: Մասնավորապես այն, թե ինչպես Գազայի հատվածում Իսրայելի ուժայինների գործողությունների հետևանքով մի քանի տասնյակ պաղեստինցու մահից հետո պաշտոնական Անկարան հետ կանչեց ԱՄՆ-ում ու Իսրայելում իր դեսպաններին, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի գործողություններն անվանեց «ցեղասպանություն»: Ի պատասխան Էրդողանի հայտարարության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թվիթերյան իր էջում գրառում արեց՝ կոչ անելով նրան «բարոյականության դասեր չտալ»:

«Էրդողանի հարձակումը բաց արեց հնարավորության պատուհան ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Երուսաղեմի համար՝ կոտրելու տասնամյակներ շարունակվող հերքումն ու միանալ պատմաբաններին ու շատ կառավարություններին քրիստոնյա հայերի դեմ գործված իրական ցեղասպանությունը ճանաչելու հարցում, որը Թուրքիան շարունակում է մերժել»,- նշել է հեղինակը՝ փաստելով, որ պաշտոնական Անկարան ցեղասպանությունը հերքելը դարձրել է այն գինը, որն Իսրայելն ու այլ պետությունները պետք է վճարեն Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:

Թերեզա Ռաֆայելը հոդվածում հիշեցրել է Էրդողանի հարձակողական պահվածքը Ֆրանսիայի, ապա նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Հեղինակը փաստում է, որ չնայած նման հռետորաբանության, գրեթե 30 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Իսրայելն ու ԱՄՆ-ը, սակայն, դրանց շարքում չեն:

Նա գրում է, որ Էրդողանի պոռթկումն ու Իսրայելի դեսպանի նկատմամբ Անկարայի օդանավակայանում ցուցաբերված վատ վերաբերմունքը նոր կրքեր բորբոքեցին Երուսաղեմում. Կնեսետի երկու պատգամավոր ներկայացրել են օրինագիծ, որը վերջ կդնի Հայկական հարցում Իսրայելի լռությանը: «Այդ լռությունը պրագմատիզմի հարց է եղել: Ժամանակին, երբ Թուրքիան աշխարհիկ, արևմտամետ երկիր էր, Իսրայելը հենվում էր դրա վրա՝ որպես ռազմավարական գործընկեր թշնամական արաբական երկրների հարևանությամբ: Սակայն այդ հիմնավորումն այլևս չի գործում: Իսրայելն այժմ կարող է իր մասին հոգ տանել: Իսկ Էրդողանը, ով ձգտում է վերածվել խալիֆի, այժմ թշնամի է: Իսրայելին զանգվածային սպանության մեջ մեղադրելուց կարճ ժամանակ անց նա զանգ ստացավ իր նոր լավագույն ընկերոջից՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիից, ով գովում էր նրան հանուն իսլամական համերաշխության «մեծ և փոքր սատանաների» դեմ կանգնելու համար. դրանք էին՝ ԱՄՆ-ը և Իսրայելը»,- գրում է հեղինակը:

Թերեզա Ռաֆայելը նշում է, որ Իսրայելի կառավարության առնվազն 5 նախարար կողմ են արտահայտվել Թուրքիային պատժող գործողությունների դիմելու և ցեղասպանությունը ճանաչելու օգտին: Նմանօրինակ կարծիք են հայտնել նաև Կնեսետի խոսնակը և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները: «Դժվար է հիշել նման միջկուսակցական էնտուզիազմ»,- արձանագրում է հեղինակը՝ նշելով, սակայն, որ ոչինչ չի փոխվի առանց վարչապետ Նեթանյահուի հավանության, ով նաև զբաղեցնում է ԱԳ նախարարի պաշտոնն ու սահմանում է երկրի արտաքին քաղաքականությունը:

Հեղինակի համոզմամբ՝ Նեթանյահուն ռազմավարական մտածող է և քանի որ Թուրքիան էլ տարածաշրջանային հարցերում առանցքային նշանակություն ունեցող դերակատար է, ապա իսրայելցի գործիչը կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն եթե մտածի, որ դա ծառայում է իր նպատակներին: «Գուցե դա սխալ պատճառ է, սակայն այս անգամ թե Իսրայելի, թե ԱՄՆ համար ազգային շահերը հրաշալի կերպով հավասարվել են բարոյական պարտականությանը. ֆանատիկների դեմ պատերազմում ճշմարտությունը հզոր զենք է»,- եզրափակել է հոդվածը Թերեզա Ռաֆայելը: