Այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գյուղատնտես, Ագրարագյուղացիական միավորաման նախագահ Հրաչ Բերբերյանը խոսեց գյուղատնտեսական խնդիրներից: 

Բանախոսը նկատեց՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը պետք է սկսել նախարարության կազմի վերանայմամբ, հետո ապաքաղաքականացնել կառույցը՝ գյուղացուն ծառայեցնելու համար:

 

Վերջերս տեղացած կարկուտը կրկին հողին հավասարեցրեց գյուղացու տքնաջան աշխատանքը. պատճառը նույնն էր՝ կարկտակայաններից մեկը չէր աշխատել:

Բերբերյանը, խոսելով կարկտակայանների աշխատանքի մասին, ասաց. «Կարեն Կարապետյանի կողմից վերջերս ներկրված 3 հակակարկտային կայաններն ավելի  էֆեկտիվ են, քան Արգենտինայից ներկրված մոտ երեսուն սարքերը: Եթե կարողանան այս նոր սարքերը տեղադրել ճիշտ տեղերում՝ Շիրակից մինչև Մասիս, Արմավիր, Սևան, ապա բավականին կօգնեն գյուղացուն, քանի որ այս տարածքներում է հիմնականում կարկուտի վտանգը»,- ասաց նա, կարծիք հայտնելով, որ  ներդրումը լավ միտք է, և ինքը ժամանակին այս մասին խոսել է նաև Սերժ Սարգսյանի հետ: 

«Հիմա էլ մեր գործարարները խոսում են հակակարկտային ցանցերի մասին, փորձում այն բերել Հայաստան:  Սա հրաշալի լուծում է  գյուղացու  համար: 15 տարի կարող է աշխատել և ամբողջությամբ պաշտպանել կարկտահարությունից, անգամ կմեղմացնի ցրտահարության վտանգը»,- հավելեց Բերբերյանը:

Ագրարագյուղացիական միավորաման նախագահն անդրադարձավ նաև անասունների գլխաքանակի նվազման խնդրին. «70 հազար խոշոր եղջերավոր անասունների կորուստ ունենք, որոնցից 35 հազարը կաթնատու կովեր են: Երաշտ էր,  պետք է ժամանակին կուտակվեր կերը, գործընթացը չեղավ,  և գյուղացին ստիպված մորթեց կաթնատուներին: Մոտ հինգ տարի է պետք այս վնասը վերակագնելու համար:  Ոլորտում առկա խնդիրների պատճառը ղեկավարությունն է՝ մեր բնագավառը տգետ ղեկավարների չի սիրում: Եթե վաղը ռեֆորմները սկսենք՝ հաջորդ տարի կունենանք գյուղատնտեսությամբ զարգացած մեկնարկային երկիր»- ամփոփեց նա: