«Ժողովուրդ» թերթը գրում է․

 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» եւ քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը: Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար:

 

 

Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի: Քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ շատ խելոք ենթարկվել են իրավապահների պահանջներին, գնացել են զրույցի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի:

 

Տեղի ունեցածը շատերին հիշեցրել է 1990-ական թվականները, երբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարճ ժամանակում Հայաստանը մաքրել քրեական տարրերից: Հիմա, փաստորեն, նման մեթոդով շարժվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: