Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն անդրադարձել է ապրիլի 21-ին Ուլնեցի փողոցում հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու քրեական գործով իր օգնականին ձերբակալելու որոշմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմիններն անաչառ քննություն կիրականացնեն և արագ կպարզեն իրողությունը:
 
«Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ զերծ մնան քայլերից, որոնք հիմք չեն ունենա: Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է, ամեն ինչ ճշտվելու է: Ես հորդորում եմ սպասել մեկ-երկու օր, երբ մենք կունենանք որոշակի ավելի տեղեկատվություն և կհասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,-  ասաց նա:
 
Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ իր օգնականը հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն չի կիրառել, սակայն հավելեց, որ չի կարող հայտարարել կամ երաշխավորել, թե նման բան չի եղել, քանի որ դրա համար կան համապատասխան մարմիններ: «… Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որպեսզի լինեն պրոֆեսիոնալ գործի քննության ընթացքում»,- ասաց նա:
 
Պատգամավորը բացառեց տարբերակը, որ իր օգնականը կհայտարարի, թե իր կողմից հրահանգ է ստացել՝ վստահեցնելով, որ նման բան չի եղել:
 
Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։
 
Այդ օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա:
 
Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։
 
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1988 թվականին ծնված Ա. Իսոյանն է։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։