ՀՀ պատվիրակությունը' կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում' Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր' Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը:

Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները, որոնք շարժունության համար կարևոր նախապայմաններ են: Կարևորվում է նաև ուսուցման մեջ նորարարության և ուսանողակենտրոն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը:

Այս կոմյունիկեով նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացը' հիմնվելով փոխվստահության ու թափանցիկության սկզբունքների վրա: