ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը», - ասված է հայտարարության մեջ:

 

Նշենք, որ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն էր ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները, որպես ավագանու անդամի, վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ուներ մանդատը վայր դնելով, մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտար Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում առաջադրվել քաղաքապետի թեկնածու: