Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակի միջոցառումների շրջանակում Դյոռնեի մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Գեղամ Միլիքյանի՝ հայ հերոսների, հայ ճանաչված գործիչների դիմանկարների ցուցահանդեսը: Երեկոն նախաձեռնել էր «Նուարդ» մշակութային միությունը:

Ցուցահանդեսը բացել եւ ներկաներին տոների առթիվ շնորհավորել է «Նուարդ» միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Նա շնորհակալություն է հայտնել Անտվերպենի քաղաքապետ Բարտ դը Վեվերին, քաղաքապետարանի աշխատակիցներին, հոգեւոր հովիվ Տեր Արմեն Մելքոնյանին, տաղանդաշատ երգչուհի Մայա Մարգարյանին, ներկաներին՝ երեկոյին մասնակցելու համար, ապա խոսել մայիսյան մի քանի պատմական իրադարձությունների մասին, որոնք ճակատագրական են եղել հայերիս համար: Հիմնական միջոցառումը կայացել է թատերական դահլիճում:

«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ միջոցառումը բացել է «Նուարդ» միության երիտասարդական թեւի առաջնորդ Շահնուր Մինասյանը: Բանախոսը ներկայացրել են փաստեր հայ-ֆլամանդական կապերի մասին, ճանաչված հայերի՝ ովքեր մեծ դեր են խաղացել Բելգիայի պատմության ընթացքում, ապա խոսքը փոխանցել Անտվերպենի քաղաքապետ Բարտ դը Վեվերին: Վերջինս հիացմունքով խոսել է Անտվերպենում հաստատված հայերի մասին, առանձնացնելով նրանց այլ ազգերից իրենց աշխատասիրությամբ, կազմակերպվածությամբ, ճանաչվածությամբ: Երեկոյի եզրափակումը կատարել է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը:

Նա շնորհավորել է ներկաներին Հայաստանի թավշյա հեղափոխության առթիվ, սեր, միասնություն ու խաղաղություն մաղթել բոլորին:

Համերգային մասը, որը վարում էր Արեգնազ Մինասյանը, բացել է շնորհաշատ դուդուկահար Անդրանիկ Մուրադյանը:Հետո բեմը տրամադրվել է ֆլամանդական ազգագրական պարի անսամբլին, որն էլ ներկայացրել է մի քանի համարներ, որոնք ջերմորեն են ընդունվել ներկաների կողմից: Այնուհետ նորից ու կրկին իր երգային ուրույն կատարումներով փայլել է Մայա Մարգարյանը: