Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:  Կան վիրավորներ, ովքեր այս պահին գտնվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնում և Հանրապետական հիվանդանոցում:

Դեպքի վերաբերյալ կան նոր մանրամասներ: Մասնավորապես, ԼՈւՐԵՐ.com-ին հասած որոշ տեղեկություններով՝ գյուղում երկու կողմերի միջև հակասությունները տարիների պատմություն ունեն: Այս անգամ վեճի պատճառը փողն է եղել. նրանցից մեկը խանութ է ունեցել, մյուս կողմը որոշել է զբաղվել նույն գործով, ինչն էլ նոր հակասության առիթ է դարձել:

 

Վիրավորներից մեկը համայնքապետ Կարո Բաղդասարյանի եղբայրն է ՝ Արթուր Բաղդասարյանը, ով այս պահին գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում: Վիճակը կայուն է: Հաշվի առնելով նաև այս հանգամանքը` մենք կապվեցինք համայնքապետի հետ, ով, ի դեպ, նույնպես գտնվում էր «Աստղիկ» ԲԿ-ում:

Մեր այն հարցին՝ ի՞նչ կապ ունի իր եղբայրն այս պատմության հետ, համայնքապետն պատասխանեց, որ նա պատահական է եղել դեպքի վայրում և ակամայից է դարձել այդ ամենի մասնակից:

Ըստ որոշ տվյալների՝ հակասությունն ավելի խոր արմատներ ունի. այս ամենի հետևում «Քոնչո» մականվամբ քրեական հեղինակություն է կանգնած դիտարկմանն ի պատասխան՝ համայնքապետն ասաց. «Նման անուն չեմ լսել և նման մարդու չեմ ճանաչում»:

«Քոնչոն» մարզում ունի գազալցակայան և բավականին հայտնի է տեղանքում՝ որպես «հարց լուծող»:  

Ի դեպ, մեր տեղեկություններով, վիրավոր քաղաքացիներին առաջին  օգնություն ցուցաբերելու համար սկզբում Աշտարակի ԲԿ են տեղափոխել, սակայն տեղում չի եղել բժշկական միջամտության բավարար հնարավորություն և վիրավորներին մի կերպ հասցրել են Երևան, որտեղ փրկել են նրանց կյանքը: