Ազգային ժողովում մեկնարկել է 2017թ. պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները։

Կարեն Կարապետյանի կառավարության բյուջե հաշվետվությունը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը։

 

Բյուջեի կատարողականը ներկայացրեց Ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը նախորդ բոլոր բյուջեների հիմնական զեկուցողն էր` որպես Գլխավոր գանձապետ։ Ջանջուղազյանը նշեց, որ 2017թ. նախատեսված 3.2 տոկոս աճի փոխարեն տարեվերջին արձանագրել են 7.5 տոկոս իրական աճ և դա պայմանավորված էր ՌԴ տնտեսական աճի՝ նախատեսվածից բարձր լինելով, ՌԴ-ից տրանսֆերների աճով եւ դրական այն սպասումներով, որոնք նպաստել են տնտեսական աճին:

Ըստ Ջանջուղազյանի` պետական պարտքը այս պահին կազմում է 6.8 մլրդ դոլար, որից 4 մլրդից ավելին արտաքին պարտքն է և ՀՆԱ-ի դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի. «Մենք շարունակում ենք համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Դեֆիցիտը նախատեսվածից բարձր է եղել` ՀՆԱ-ի նկատմամբ 4.8 տոկոս. ծախսերը ավելի շատ են եղել ու կատարողականը մի փոքր ցածր է եղել»,-ասաց նա: