2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Արթուր Աստրյանի՝ Դոն Պիպոյի, և Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ: Այդ դեպքերին հաջորդեց Դոն Պիպոյի հանրահայտ հարցազրույցը իր մահափորձի վերաբերյալ, որտեղ նա թեպետ «սուխոյ ատկազով» պնդում էր, թե չի ճանաչում պատվիրատուներին, միեւնույն ժամանակ նախազգուշացնում էր, որ ինքը բացահայտելու է նրանց եւ հետեւանքները լինելու են անխուսափելի: Հայտնի է դարձել, որ Դոն Պիպոն իր «խոսքի տերն» է եղել և գործով անցնող անձանց՝ Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազանին, Արկադի Քոչինյանին և Զոհրաբ Ղումաշյանին առևանգելով, երեք օր շարունակ գերություն մեջ է պահել և այս ընթացքում վերոնշյալ անձինք Պիպոյի վարձկանների կողմից դաժան ծեծի և կտտանքների են ենթարկվել:  Այսինքն, Դոն Պիպոն 3 օր սեփական հաշվեհարդարն է տեսել և սեփական նախաձեռնությամբ է փորձել ցրել իր մտահոգությունները և միայն 3 օր հետո նրանց հանձնել իրավապահ մարմիններին: Դրանից հետո վարկած տարածվեց, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է` քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանեւսկոյը, 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի եղբայրը: Սակայն հայտնի է, որ Կանևսկոյի դեմ «սլաքները ուղղել» է հենց «տուժողը», ում «քիլլերների» ճնշման և սպառնալիքների տակ էլ գերեվարվածները մեղադրական ցուցմունք են տվել ընդդեմ Կանևսկոյի:
 
Մինչ օրս օդից կախված է մնում հարցը, թե ովքեր էին կանգնած այս սպանության նախապատրաստության հետեւում, ասել է թե՝ ով կամ ովքեր էին պատվիրատուները: Մինչդեռ Դոն Պիպոն իր «սամասուդի» համար ոչ միայն չենթարկվեց օրինական պատժի, այլև ջրից չոր դուրս եկավ: Վերոնշյալ հանգամանքները և ապօրինությունները կոծկելու հարցում Դոն Պիպոյին օգնության ձեռք էր մեկնել խնամին՝ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Կամո Ավագումյանը, ով հանրության մեջ առավել հայտնի է «Ավիլոնի Կամո», ում միջորդությունը Սերժ Սարգսյանի մոտ տվել էր իր պտուղները:
 
Այս գործը պետք է վերանայվի և համակողմանի, օբյեկտիվ քննության ենթարկվի՝ հետ ուղարկվելով Քննչական կոմիտե, քանի որ երեք օր քաղաքացիներին ապօրինաբար անազատության մեջ պահելու և նրանց մարմնական վնասվածքներ հասցնելու մասով դեռ գործ հարուցված չէ:
 
Վերոնշյալ և այլ նմանատիպ աղմկահարույց գործերի անցկացումը նոր արադարատական համակարգի պրիզմայով, դրանց վերաբացումը, անաչառ քննությունը իրականում հանդիսանում է նոր իշխանությունների լակմուսի թուղթը, որը ցույց կտա որքան է իրական և սկզբունքային նրանց հռչակած պայքարը՝ աղաղակող ապօրինությունների դեմ: