Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը: 

Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին դիմավորեցին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն:

 

Օդանավակայանից Փաշինյանը կմեկնի «Հերոսների» հրապարակ, որտեղ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայայի հետ ծաղկեպսակ կզետեղի հավերժական կրակի մոտ:

Ավելի ուշ ՀՀ վարչապետը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Ազգային ժողովի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

ՀՀ վարչապետը «Խոջիվանք» պանթեոնում ծաղիկներ կզետեղի Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի շիրիմներին:

Երկօրյա այցի շրջանակում՝ մայիսի 31-ին Փաշինյանը կմեկնի նաև Ջավախք ու կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան այրեր: