ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ «Նաիրիտ» գործարանով հետաքրքրվող ներդրողներ կան: Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնյան նշեց, որ նրանց շարքերում են ներդրողներ ինչպես եվրոպական երկրներից, այնպես էլ ԱՄՆ-ից: «Այս պահին կան միջազգային կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են «Նաիրիտ» գործարանի հետագա գործունեության աշխատանքների ծրագրերով: Նրանք շուտով կժամանեն Հայաստան ու կանցկացնեն տեխնիկատնտեսական աուդիտորական աշխատանքներ, ինչից հետո կունենանք եզրակացություն»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ գործարանը ներկայում գտնվում է սնանկության գործընթացում, կա լուծարային կառավարիչ, և իրենք որևէ միջամտություն չեն կարող իրականացնել, բայց փորձել են պայմանավորվածություն ձեռք բերել ժամանակավորապես դադարեցնել գույքն աճուրդի հանելու գործընթացը: «Արդեն կա գույքագրված ու աճուրդի սակարկության ներկայացված որոշակի գույք, երեկվա մեր քննարկման ընթացքում պայմանավորվածություն ենք ձեռք բերել ժամանակավորապես դադարեցնել այդ աշխատանքները՝ մինչ կունենանք տեխնիկատնտեսական  աուդիտորական վերլուծություն»,-ասաց նախարարը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ներդրողների միջոցներո՞վ է, արդյոք, իրականացվելու աուդիտը, Արթուր Գրիգորյանը նշեց, որ դեռ չի զրուցել նրանց հետ, մոտ ժամանակներս նախատեսված է հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնեն: