Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ին նիստ է գումարելու եւ քննարկելու է վեց մարզերում նոր մարզպետներ նշանակելու հարցը։Արագածոտնի մարզպետ կնշանակվի դաշնակցական Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը։ Տեղեկացնենք, որ Գարիկ Սարգսյանը Նոր կյանք գյուղի գյուղապետն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ռոմանոս Պետրոսյանը և Կարեն Սարուխանյանը ևս ՔՊ անդամ են, Վահե Ղալումյանը Իջևանի ավագանու անդամ է, Իշխան Սաղաթելյանը և Աշոտ Սիմոնյանը ՀՅԴ անդամ են: Աշոտ Սիմոնյանը նախքան ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի փլուզումը զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը:
  
Մարզպետների նշանակումները ուշացավ, քանի որ ակնհայտ է՝ նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդքան կարևոր պաշտոնները: Փաշինյանն այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց հենց ինքը՝ կենտրոնական իշխանության դեմ պայքարում: Միևնույն ժամանակ, նայելով հրապարակված անուններին պետք է արձանագրել, հետևյալն է. ԲՀԿ հետ բանակցությունները կամ լիովին ձախողվել են, կամ ընտրությունը կանգ է առել մնացած մարզերի վրա: Փոխարենը հիանալի նվեր է արվել ՀՅԴ-ին, որը հազիվ թե այդքանին արժանի էր: ի դեպ, 2017 թվականի բյուջեի կատարողական ցուցանիշները ներկայացնելու համար մարզպետներն այսօր չեն ներկայացել Ազգային ժողով: Նրանց փոխարինում են փոխմարզպետները: Ինչպես երևում է՝ հրաժարական տվածներն արդեն իսկ «ձեռքերը լվացել են» և մի կողմ քաշվել:
 
ՏԻՄ խնդիրն անչափ սուր է կանգնած Փաշինյանի կառավարության առջև: Փաշինյանն ու իր թիմը խնդիր ունեն դասավորվելու ոչ միայն Երևանում ու պետական կառույցներում, այլև մարզերում։ Գաղտնիք չէ, որ մարզպետները ընտրակեղծարարության հիմնական իրականացնողներն են իրենց տարածաշրջաններում, և ընտրությունների ելքը մեծ մասամբ կախված է եղել նրանց գործունեությունից, իսկ այդ տարածքների հանձնումը մեկ այլ քաղաքական ուժի՝ Նիկոլի համար կարող է ֆիասկոյի սկիզբ դառնալ:
 
Ստելլա Խաչատրյան