ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել խանութներում թանկացումների վերաբերյալ:

«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»,-գրել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում:

«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,-լուսանկարին կից գրել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:

Այս գործողությունից հետո շատերը կանխատեսում էին, որ գյուղմթերքի մասով թանկացումներ կլինեն: Երեկվանից սուպերմարկետների մեծ մասում գյուղմթերքը՝ հատկապես մսամթերքը թանկացել է: