Հստակ չեմ կարող ասել՝ ո՞ր ոլորտներում կամ գերատեսչություններում են բացահայտումներ սպասվում, սպասե՛ք, ականատես կլինեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ աշխատակիցների և նրանց ծանոթ-բարեկամների անվամբ գրանցված 461 ԱՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, Վանեցյանն ասաց, որ իրենք հակված չեն մարդկանց ձերբակալել, նստեցնել, այլ՝ նպատակ ունեն գողացած գումարները պետբյուջե վերադարձնել.

«Բոլորն ասում են, որ ինչ-որ գործի հետևում մի մարդ է կանգնած, բայց հավատացեք՝ իրավական առումով բավականին բարդ է և գրեթե անհնար դա ապացուցելը, իսկ  քրեական պատասխանատվության կանչել բոլոր այն մարդկանց, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, կարծում եմ ոչ արդարացի: Բացի այդ, քրեական հոդվածը, որով հարուցվում են քրգործերը, նախատեսում է պետբյուջեի վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճել», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Նրա խոսքով՝ կլինի քննություն, որտեղ կհրավիրվեն նաև այն պաշտոնատար անձինք, ովքեր տեղյալ են եղել այդ գործողություններից. «Եթե չեն կարողանա տալ հստակ պատասխաններ իրենց գործողություների մասին, նրանք կներգրավվեն քրգործում որպես մեղադրյալներ», - ասաց նա։

Հարցին՝ չարաշահումները կատարվել են ՊԵԿ նախկին նախագահի օրոք, Վանեցյանը նշեց՝ նախկին ղեկավարներ չի նշանակում միայն Վարդան Հարությունյան. «Հրավիրվելու են երկու ՊԵԿ նախկին նախարարները ևս։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվելու է ԱԱԾ և հարցաքննվելու է այն պատճառով, որովհետև ներկա է եղել այն բանակցություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20 տոկոս եկամտահարկի փոխարեն վճարել 2 տոկոս հարկ:

 

Նա ցուցմունք կտա և իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում: Ի՞նչ է նշանակում, որ պայմանավորվածություն է եղել նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն: Ինչո՞ւ է միայն այդ 11 ընկերությունը նման կերպ աշխատել, ինչո՞ւ մեր և ձեր բակի խանութները չեն ուզել առանց հարկերի աշխատել»,- ասաց Վանեցյանը: