Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը hունիսի 1-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:

Դեսպան Մկրտչյանը, շնորհավորելով Նաբիհ Բըրիին այդ պաշտոնում մայիսի 23-ին վերընտրվելու կապակցությամբ, մաղթել է բեղմնավոր գործունեություն իր կարևոր առաքելության մեջ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության խնդիրներին՝ կարևորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:

Սամվել Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության քայլերը՝ ուղղված երկրում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը:
Լիբանանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ներկայացրել է մայիսի 6-ին Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանը: