«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին, Երեւանում։

«2018թ. «Ավրորա» մրցանակի եզրափակիչ միջոցառումների նպատակն է ամենալայն հնարավորություններն ընձեռել մեր հյուրերին եւ մարդասիրական ոլորտի համաշխարհային գործիչներին ՝ միմյանց հետ շփվելու եւ գիտելիքներով ու փորձով փոխանակվելու համար։ Նրանք կծանոթանան նաեւ Հայաստանի պատմության ու ժառանգության, ինչպես նաեւ բոլորիս համատեղ մարդասիրական գործին մեր ունեցած նվիրման արմատների հետ»,– նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։

 

Ի լրումն մրցանակի շնորհմանը, Երեւանում նախատեսված է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ՝ հանրությանը հավելյալ հնարավորություն ընձեռելով լսելու Ընտրող հանձնաժողովի անդամներին եւ «Ավրորայի» շատ այլ հյուրերի։ Հունիսի 8-ին դեսպան Սամաթա Փաուերը եւ Enough (Բավ է) նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգաստը ելույթ կունենան դժվարին հումանիտար հիմնախնդիրների վրա ազդեցություն գործելու ձեւերի վերաբերյալ։ «Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է» խորագրով զեկույցը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նույն օրը Լորդ Արա Դարզին բաց դասախոսություն կկարդա Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Այս մասին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Հունիսի 9-ին Մատենադարանում տեղի կունենա Aurora Dialogues երեւանյան երրորդ համաժողովը։ Մարդասիրական ոլորտի առաջատար գործիչները, նախկին պետական պաշտոնյաները, ձեռներեցները կհանդիպեն՝ քննարկելու մեր օրերի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրները։ Քննարկումներ կընթանան նաեւ հումանիտար կարեւորագույն հիմնախնդիրների շուրջ աշխարհի տարբեր հատվածներում հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը նվիրված «Ավրորա մարդասիրության ցուցիչ» հետազոտության 2018թ. արդյունքների շուրջ։

Միջոցառումների շարքը կեզրափակվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ՝ կոչված մեծարելու մարդկային ոգու տոկունությունը, որն ամենադժվարին պայմաններում մղում է մեզ գործի։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Երախտագիտության այս գաղափարն արտահայտվում է «Ավրորայի» բոլոր նախաձեռնություններում, որոնք ստեղծված են աջակցելու նրանց, ովքեր պաշտպանում են մարդկային արժեքներն ու մարդկային կյանքը։

Ի տարբերություն 2016 եւ 2017 թվականների հանդիսությունների, 2018թ. մրցանակի շնորհման արարողությունը մի յուրահատուկ եռագրություն է։ Առաջին մասը՝ «Ավրորա՝ մեծարելով մարդասերներին» միջոցառումը, տեղի կունենա հունիսի 9-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, եւ կներկայացնի 2018թ. «Ավրորա» մրցանակի երեք հերոսներին՝ Չո Լա Աունին, Սունիտա Քրիշնանին եւ Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին։

 

Եռագրության երկրորդ մասն այգաբացին է` Երեւանից 30 րոպե հեռու գտնվող մի վայրում՝ Արարատ լեռանը Հայաստանի սահմաններում հնարավորինս մոտ։ Խորհրդանշական են ե՛ւ ընտրված ժամանակը, ե՛ւ վայրը։ «Ավրորա» նշանակում է «արշալույս» եւ նվիրված է մարդկության զարթոնքին. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհնչի արեւածագին՝ մարդասերների համեմատաբար փոքր խմբի ներկայությամբ։

Հունիսի 10-ին հատուկ միջոցառում է նախատեսվում Մատենադարանում, որտեղ 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում։ Այն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ամփոփող ձեռագիր մատյան է, որն ամեն տարի համալրվելու է «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների մասին պատմություններով։

2018թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումները կհանգուցալուծվեն հունիսի 10-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք հանդիսությունների շարքի եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ բոլոր հյուրերը կփառաբանեն մարդասիրությունը եւ «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անօրինակ խիզախությունն ու թողած ազդեցությունը։

Համաշխարհային հանրությունը կարող է հետեւել միջոցառումների եռօրյա շարքին՝ միանալով նախաձեռնության՝ «Երախտագիտությունն` ի գործ» գաղափարին: