Ինչպես տեղեկացրել էինք, այսօր հրաժարական են ներկայացրել՝ Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանն և պետնախարար Արայիկ ՀարությունյանըԱրցախի ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանը, այնուհետև իր տեղակալ Գագիկ Սարգսյանը: Հրաժարակաների «տեղատարափից» գլուխ հանելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Վիգեն  Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, ինչո՞վ է պայմանանավորված Արցախում հրաժարականների շղթան և արդյո՞ք սա կանխատեսելի էր։

-Կարծում եմ՝ սա Բակո Սահակյանի և ցուցարարների ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է եղել։ Խնդիր է դրվել մեղմացնել լարված իրավիճակը՝ որոշակի պահանջներ բավարարելով։ Արցախի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը, վերլուծելով իրավիճակը, գնացել է այդ քայլին։

-Արդյո՞ք Ձեր ասածից հետևում  է, որ իշխանությունները վերը նշված պաշտոնյաներին դրդել են հրաժարական տալ։

-Այո′, նման բան կարող է լինել։ Անկեղծ ասած՝ հոժարակամ, միաժամանակյա, զանգվածային հրաժարականներին այդքան էլ չեմ հավատում։ Արցախի ղեկավարությունը հասկանում է, որ այնտեղ էլ է պետք հայաստանյան տրամադրություններին համահունչ ռեֆորմներ իրականացնել։ Եթե բոլորս համաձայանվում ենք, որ հեղափոխությունը Արցախում անընդունելի մեթոդ է, ապա, երևի թե,  այլընտրանքը ռեալ բարեփոխումներ անցկացնելն է: ես դա կանվանեի «հեղափոխություն՝ վերևից»։

-Ստացվում է, որ ցույցերը  ընդամենն առի՞թ էին  իրադարձությունների նմանտիպ զարգացման համար։

-Այո:  Թե′ դա, թե′ մինչ այդ եղած ընդհարումն ընդամենն առիթ էին․ կուտակվել էին հարցեր և պետք էր հարթակ գտնել, որտեղ բոլոր հարցերը կդրվեն՝ և՛ ուժայիների հետ կապված, և՛ սոցիալական հարցերի հետ կապված։ Հիմա լավ առիթ էր նաև Արցախի ղեկավարության համար, որպեսզի համակարգը «թափ տան»։ Հայաստանում քաղաքական  նոր իրավիճակ է՝ մոտեցումներ են փոխվել բոլոր խնդիրների նկատմամբ, ուստի՝ լուրջ փոփոխություներ պետք է լինեին նաև Արցախում։ Այս  անգամ առիթ հանդիսացավ ծեծկռտուքը և դրվեց ուժայիների հարցը, բայց չեմ բացառում, որ սրանով չի ավարտվելու, կլինեն լուրջ փոփոխություններ նաև այլ ոլորտներում։ Կլինի նոր Պետնախարար և, հնարավոր է, գործադիրում լինի նաև նոր թիմ։

Լիլիթ Հակոբյան