Հայաստանի փոխվարչապետի նորանշանակ խորհրդական Գեորգի Մուրադյանը պնդում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել է կոկաինի ծանրոցներով և նախաքննության ընթացքում պարզել, որ Գեորգի Մուրադյանը կապ չունի իրեն վերագրվող քրեական գործի հետ։

Մուրադյանն անդրադարձել է դեռևս 2012 թվականին «Հրապարակ» թերթի «Նարկոդիլերը ՀՀ գլխավոր հյուպատո՞ս» հրապարակմանը։ Մուրադյանը նշում է, որ ներկայացված տեղեկությունները սուտ են։
«Որևէ մեկն իմ անունով կոկաինի ծանրոց չի ուղարկել։ Այս ամբողջ պատմությունը հպանցումային կապ է ունեցել ինձ հետ։ Նշված քրեական գործի շրջանակում, որով զբաղվում էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, նախաքննությունը միանշանակ եզրահանգեց, որ ես ընդհանրապես կապ չունեմ։ Համապատասխան փաստաթղթերն իմ ձեռքում են»,- ասաց Մուրադյանը' ընդգծելով, որ իր նկատմամբ մեղադրանքները հանվել են, և ինքը չի դատապարտվել։

Հիշեցնենք, որ Գեորգի Մուրադյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: