Կառավարությունը համոզված է, որ մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։
 
«Այդ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։
Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։
 
Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը»,- ասվում է կառավարության ծրագրում:
 
Ծրագիրը ներկայացնելիս կոռուպցիայի դեմ պայքարի մասին Նիկոլ Փաշինյանն ասաց. 
 
«Համոզված եմ, որ դա անելու ենք բավականին հեշտությամբ, որովհետեւ երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ եւ կաշկանդված չէ կոռուպցիոն որեւէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարեւորագույն նախապայման է: Հիմա այս բարձր ամբիոնից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով՝ ուզում եմ հայտարարել՝ վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, պաշտոնավարումից որեւէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, որեւէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու եւ նման մոտեցում եմ պահանջում նաեւ կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից: Եթե որեւէ բիզնեսում որեւէ մեկը ապօրինի «փայ» մտնի, դառնալու է իմ անձնական թշնամին: Որեւէ մեկը չմտածի, որ կարող է խուսափի պատասխանատվությունից: Բոլոր կոռուպցիոներներին հանելու ենք ամենահեռու ու ամենամութ ծակերից»: