Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի և եթե անհրաժեշտ լինի, որ ես ևս հարցաքննվեմ, ապա կհարցաքննվեմ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի։
«Եթե անհրաժեշտ լինի՝ ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Քոչարյանը հարցաքննվի՝ Քոչարյանը կհարցաքննվի»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին՝ զբաղվել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրով:

«Իրավապահ համակարգը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ Մարտի 1-ը բացահայտված չէ: Ոսկե տառերով է գրվելու այն համակարգի անունը, որը կբացահայտի գործը և սպանությունների հեղինակներին»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ մեղավորները պատասխանատվություն են կրելու։