Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը գրանցված երկրաշարժերից 65-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 45-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնցից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 6-ին, ժամը 17:07-ին, M=4.3, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում' 5-6, Գյումրիում' 3-4 և Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 30-ից ավելի հետցնցում, որոնցից 3-ը' համապատասխանաբար 2.5, 3.1 և 2.9 մագնիտուդով զգացվել են Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում' 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից:

Հայաստանում զգացված ստորգետնյա ցնցումներից է նաև hունիսի 5-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով M=5.5 մագնիտուդով երկրաշարժը, որը երկրի մակերևույթին արտահայտվել է 7-8 բալ ուժգնությամբ: Հայաստանի Հանրապետության՝ Տավուշի մարզում այն զգացվել է 4-5, Լոռու և Գեղարքունիքի մարզերում՝ 3-4, Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզերում, Երևանում' 2-3 և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում' 4 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ:

Տարածաշրջանում մայիսի 31-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք: Իրանի տարածքում տեղի է ունեցել 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Մայիսի 31-ին և հունիսի 3-ին' 4 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Քոթուր քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Խոյ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հունիսի 2-ին՝ 4 բալ ուժգնությամբ, 3-ին' 3-4 և 4-5 բալ ուժգնությամբ, 5-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ և 7-ին' 3 բալ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Ահար քաղաքից 35 կմ շառավղով սահմանափակված տարածքում:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: