Հայաստանում անչափ հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ձևավորվել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության են եկել, ձեւավորել նոր կառավարություն, իսկ Ազգային ժողովում մինչեւ երեկ դեռեւս բացարձակ մեծամասնություն՝ իշխանություն էր Հանրապետականը: Եւ, բնականաբար, այս ճգնաժամի, հակադրության լուծման բանալին արտահերթ ընտրություններն են: Սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ամեն գնով կցանկանա երկարաձգել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքն ու ընտրությունների հնարավոր ժամկետները: Կասկած չկա, որ այսօր էլ Հանրապետականը չի խոչընդոտելու Փաշինյանի բերած կառավարության ծրագրի ընդունմանը, այդպիսով փակելով դեպի արտահերթ ընտրությունները տանող ևս մեկ ճանապարհ:
  
Թվում է, թե արտահերթ ընտրությունների հասնելու միակ սահմանադրական ճանապարհն այս դեպքում Փաշինյանի հրաժարական տալն է, ինչից հետո խորհրդարանը պետք է կրկին բարդ պրոցեդուրայով կատարի վարչապետի ընտրությունը: Միևնույն ժամանակ, այս դեպքում առաջանալու են անխուսափելի ռիսկեր և ականներ, օրինակ՝ ՀՀԿ-ն անգամ քաղաքական համաձայնության ձեռքբերման դեպքում կարող է մտափոխվել և վարչապետի ընտրության ժամանակ հանդես գալ սեփական թեկնածուով: Այստեղ էլ վերհիշենք այն վարկածը, որ հանրապետական մի շարք պատգամավորներ կուսակցությունից դուրս են եկել ՀՀԿ-ի հետ համաձայնեցված և կարող են հենց այդ պահին միահամուռ կերպով իրենց քվեն տալ նախկին կուսակից ընկերներից որևէ մեկին: Այս պարագայում գործը կարող է չհասնել անգամ Փաշինյանի կաբինետին անվստահություն հայտնելուն: Սա քաջ գիտակցելով՝ ինքը՝ Փաշինյանն էլ դեմ չէ, որպեսզի կառավարության ծրագիրն այս պահին ընդունվի:
  
Ի դեպ, վարչապետի հրաժարականը միակ սահմանադրական ճանապարհը չէ, որով այսօրվա իշխանությունները կարող են հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դիտարկենք հավանական այլ տարբերակներ ևս: Դիցուք՝ Սահմանադրության հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Եվ համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը` առնվազն 26 պատգամավոր, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի: Ստացվում է, որ Սահմանադրության հոդվածները փոփոխելու նախաձեռնությամբ ազատորեն կարող են հանդես գալ թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. 26 ստորագրություն հավաքելը խնդիր չի լինի: Այդ նույն հոդվածի համաձայն` եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` 63 ձայնով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
 
 
Ստելլա Խաչատրյան