Այսօր՝ հունիսի 8-ին, Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստի ընթացքում, գործով մեղադրվող «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկավ փաստաբան Հովիկ Արսենյանը, ով, մատնանշելով իր պաշտպանյալի պատկառելի տարիքը և առողջական վիճակը, առաջարկեց դատարանին ստորագրությամբ կամ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը»։

Փաստաբանը ներկայացրեց նաև պատգամավորներ Ալիկ Սարգսյանի և Ֆելիքս Ցոլակյանի գրավոր միջնորդությունները, մատնանշեց, որ իր պաշտպանյալն ազատության մեջ գտնվելիս չի խոչընդոտի դատական նիստերին, կներկայանա պատշաճ և պատասխանատու ձևով։

Նիստի ընթացքում ելույթի խոսք խնդրեց և դատավորին դիմեց նաև դատապարտյալներից մեկը․ «Եթե Դուք ցանկանում եք մեր մահը, մենք էլ Ձեզ կցանկանանք ամենավատը։ Ես ամեն օր դեղերով եմ սնվում, Դուք գնում եք Ձեր երեխաների մոտ, իսկ մենք այստեղ շինծու գործերով ձերբակալված ենք, ԱԱԾ-ի միջոցով, որը Սերժիկի կանտորան է եղել, և դուք պաշտպանում եք նույն կանտորայի գործողությունները։ Ես Ձեզ վերջին անգամ պարզ զգուշացնում եմ, չկարծեք, թե ես կալանավոր եմ ու ձեռս և լեզուս կարճ է, քանի ուշ չի՝ դարձի եկեք։ Դուք ինձ դատապարտել եք անհիմն ձևով, անգամ Ներսիսյան Էդիկին և Շիրխանյան Վահանին մերժեցիք, եթե Դուք այսօր չվերջացնենք Ձեր կեղտոտ խաղերը, ուզում եմ ասեմ՝ Դուք այստեղից դուրս չեք գալու։ Օդից եք կալանավորել , դուք էլ կալանավորվելու եք այստեղ»։

Դատական նիստն ընդմիջվեց մինչեւ 14:00: