«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այսօր՝ հունիսի 8-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Պեկին ժամանած Վլադիմիր Պուտինին Ազգային ժողովի դիմաց գտնվող հրապարակում, ինչից հետո Ժողովրդական ազատագրական բանակի զինվորական նվագախումբը մի քանի ստեղծագործություն է կատարել։ Առաջինը հնչել են Ռուսաստանի եւ Չինաստանի օրհներգերը, որից հետո երաժիշտները կատարել են ռուսական հայտնի «Կատյուշա» երգը: Դիմավորման պաշտոնական արարողությանը Պուտինը ժամանել էր Mercedes լիմուզինով: Առաջնորդները միասին ողջունել են նախ չինական, ապա ռուսական պատվիրակությանը:

Հիշեցնենք, որ Պուտինը Չինաստանում կգտնվի մինչեւ հունիսի 10-ը: Մայրաքաղաքում կայանալիք բանակցություններից հետո Ռուսաստանի ղեկավարը Սի Ցզինպինի հետ միասին կուղեւորվի Տյանցզին քաղաք՝ երկու երկրների պատանի հոկեյիստների միջեւ կայանալիք ընկերական հանդիպումը դիտելու համար: Այնուհետեւ ՌԴ նախագահը կմասնակցի Ցինդաոյում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: