«Հրապարակ» թերթը գրում է․

Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անհնազանդության օրերին՝ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ։

Նա անձամբ մասնակցել է ցուցարարների եւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջեւ ծեծկռտուքին եւ անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։

Մայիսի 25-ին, նոր ոստիկանապետի որոշմամբ, նա Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Խոսվում է, որ այդ տեղափոխությանը հասնելու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը։

Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել էին ցուցարարներին, որոնք ցանկացել էին ճանապարհ փակել: Ապա կրակել էին ցուցարարներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: