Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած վերջին ելույթի հատկապես եզրափակիչ հատվածը լի էր ԱԺ-ում ներկա քաղաքական ուժերին ուղղված բավական ոչ երկիմաստ մեսիջներով: Ընդհանրապես, , տպավորություն էր ստեղծվում, թե ամբիոնի մոտ հեղափոխական շրջանի Նիկոլ Փաշինյանն էր, երբ խորհրդարանը նրան դեռևս վարչապետ չէր ընտրել: Այդ կերպարի միջոցով, Փաշինյանը  փորձեց դահլիճում ներկա գտնվողներին հիշեցնել ամենակարևոր իրականությունը՝ երկրում թավշյա հեղափոխության առկայությունը: Փաշինյանը թեև անուններ չտվեց, սակայն գործնականում բոլորին՝ այդ թվում իր կոալիցիոն գործընկերիներին ուղղված հայտարարություն արեց՝ ասելով, թե որևէ մեկը չկարծի, թե իրենց լավություն են արել վարչապետի ընտրությանը կողմ քվեարկելով:
 
Դժվար է ասել՝ արդյո՞ք այդ ուժերի կողմից Փաշինյանին աջակցելու համար «հաշիվներ» են ներկայացվել, թե՞ այսպիսի ելույթով վարչապետը ցանկանում էր անգամ տեսականորեն բացառել նման «հաշիվների» ներկայացումը: Փաշինյանը ակնարկեց, որ ինքը վարչապետ է ընտրվել ժողովրդի վստահության քվեով, և քանի դեռ այդ քվեն կա՝ իր կաբինետը կշարունակի կառավարել, ասել է թե՝ եթե նա որևէ մեկին որևէ բան պարտական է, ապա այդ մեկը՝ ՀՀ քաղաքացին է:
Ուշագրավ է նաև, որ կառավարության գործունեության պատասխանատվությունը վերցնելով միայն իր քաղաքական ուժի վրա՝ Փաշինյանը փաստացի կոալիցիոն գործընկերներին ազատում է պատասխանատվության զգացումից, միևնույն ժամանակ՝ իրեն ևս ազատելով նրանց հանդեպ ունեցած պարտքերից:
 
Ստեղծված իրավիճակում վարչապետը, իհարկե, չի կարող թերագնահատել հանրության վստահության կարևորությունը: Հենց այդ վստահությունն է այսօր հանդիսանում Փաշինյանի «կախարդական փայտիկը», որի մասին հիշատակեց վարչապետը և որը նրան նախորդողները այդպես էլ չկարողացան գտնել: Իզուր չէ, որ  հասարակության լայն շրջանակների վստահությունից Փաշինայնին զրկելն է, որ դարձել է ԱԺ-ում արդեն փոքրամասնություն դարձած ՀՀԿ գլխավոր նպատակը: Հանրապետական կուսակցությունը ակնհայտ ժամանակ է ձգում, հույս ունենալով, որ այս կարճ ժամանակահատվածում նոր կառավարությանը չի հաջողվի լուծել հանրության առջև ծառացած դժվարին խնդիրները, ինչն էլ էականորեն կնվազեցնի Փաշինյանի աջակցության մակարդակը և ՀՀԿ-ին հնարավորություն կտա մեկ տարի հետո օրակարգ բերել Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ: Սակայն, ինչպես ցույց տվեց Փաշինյանի այս ելույթը, մնացած ուժերի «խաղերն» էլ նրա ուշադրությունից չեն վրիպում: Խոշոր հաշվով, ՀՀԿ-ի պարտությունը բոլորն էլ կուզեին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակի մասով նույնն ասելը, մեղմ ասած, դժվար է: 
 
Կառավարության ծրագրի ընդունմամբ, որի կետերից մեկն արտահերթ ընտրություններն են, տրվեց նախընտրական արշավի մեկնարկը, Փաշինյանի հեղափոխական և էմոցիոնալ ելույթն էլ հենց նախընտրական ծրագրի ներկայացում էր: Արդեն իսկ քաղաքական ուժերի հռետորաբանությունը հուշում է, որ այս ընտրարշավում կենաց մահու պայքար է լինելու:
 
 
Ստելլա Խաչատրյան