ԱԱԾ երեկ տարածած հաղորդման համաձայն զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք է բացահայտվել:
 
Բացահայտված դեպքը ՊՆ-ում կարելի է դասել հերթական բացահայտումների շարքում, քանի որ այդ համակարգում բացահայտելու արժանի դեռ շատ դեպքեր կտան, քանի որ Վիգեն Սարգսյանի ղեկավարման ընթացքում այս կառույցը իրեն, մեղմ ասած, ոչ բնորոշ գործունեություն էր իրականացնում, օրինակ՝ զբաղվելով հղիության արհեստական ընդհատմամբ: Թեև Գլխավոր դատախազությունում այս առթիվ քրեական գործ հարուցվեց, բայց կասկածից վեր է, որ հիմնական մեղավորները մնացին անպատիժ ՝ շարունակելով իրենց ապօրինությունները:
 
Ահա այդպես էր Վիգեն Սարգսյանը պաշտպանական ոլորտը ազատագրում կոռուպցիայից: Ինչպես երևում է, նա շատ ավելի լուրջ խնդիրներ ուներ լուծելու, օրինակ, հազարավոր ուսանողների տարկետման իրավունքից զրկելը, կամ ֆեյսբուքյան տիրույթներում քաղաքացիների հետ լեզվակռիվ տալը: Ինչևէ, ԱԱԾ բացահայտումների շղթան սկսել է և դժվար է ասել, թե այս կծիկը մինչև ուր կհասնի:
 
Մեր երկրում 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո բանակում կոռուպցիայի անթույլատրելիության հարցը դարձավ օրակարգային՝ փոփոխվեց անգամ բարձրագույն զինվորականության կազմը։ Ըստ զրույցների՝ գեներալիտետի պաշտոնանկությունը բանակում չարաշահումների հետևանք էր, որը ծանր հետևանքներ առաջացրեց ռազմի դաշտում։ Սակայն պետք է նկատել, որ նրանցից շատերի նկատմամբ քրեական հետապնդում անգամ չիրականացվեց։ Իսկ ո՞ւր կարող են հասնել ԱԱԾ բացահայտումները նոր իրողությունների առկայության պարագայում: Գաղտնիք չէ, որ բանակում կոռուպցիան արտահայտվում է հատկապես պետական գնումների ոլորտում։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մեկ ընկերությունը և՛ շինարարություն է կազմակերպում, և՛ զենք է արտադրում, և՝ հաց է թխում, իսկ այդ փաստը որևէ մեկի մոտ տարակուսանք չի առաջացրել: Բացի այդ, եղել են դեպքեր, երբ նույն անունով մարդն ինքն իր հետ պայմանագիր է կնքել, այսինքն՝ առնվազն պայմանագրային կողմերը նույն ազգանունն են ունեցել։
Հենց այստեղ է, որ պետք է պատշաճ հետաքննություն իրականացնել և հասկանալ՝ ենթադրյալ կոռուպցիայի աստիճանը, իսկ այդ աստիճանը , ինչպես և բացահայտումների հնչեղությունը կարող է հասարակությանը նոր շոկի ենթարկել:
 
Հետաքրքիր է, պատասխան կտա՞ արդյոք օրինակ՝ Ֆլեշի Բարսեղը բանակին մատակարարած անորակ բենզինի համար: Հայտնի է, որ տարիներ շարունակ բանակին բավականին թանկ արժեքով բենզին և դիզվառելիք մատակարարող հիմնական ընկերությունը եղել է հենց «Ֆլեշ» ընկերությունը, որի սեփականատերն է ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բարսեղ Բեգլարյանը:
 
Հետաքրքրական է նաև, որ հենց այս ընկերությունն է հաղթել հայտարարված տենդերները և թեպետ գնի բարձր արժեքի, բայց պետական մարմիններն առհասարակ նախապատվությունը տալիս են Բեգլարյանի բենզինին, երևի այդ բենզինի մեջ յուղ ու մեղր է լցված, որը նպաստում է մեքենաների դիմակայության բարձրացմանը կամ զրոյացնում օդի թունավորումը:
 
Այս հարցը բարձրաձայնել էր անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչը վկայում է այն մասին, որ խախտումներն այնչափ աղաղակող էին, որ անգամ ՀՀԿ-ն չէր կարող լռել, սակայն Ֆլեշի Բարսեղը անգամ բանավոր «հաթաթա» չստացավ: Այսօր, խաղի կանոնները փոխվել են,  օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ ժամանակին ամենազոր Բարսեղ Բեգլարյանը: Մնում է սպասել և հետևել:
 
 
Ստելլա Խաչատրյան