Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով պայմանավորված հնարավոր է, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի ոչ միայն անապահով խավի, այլ ողջ բնակչության համար: Կարծես թե, ամեն ինչ այս փուլում կախված է «Տաշիր գրուպի» պատրաստակամությունից, և հենց այս փաստն է, որ ճնշում է ՀԷՑ սեփականատեր հանդիսացող Սամվել Կարապետյանին: Մի կողմից, եթե բանակցությունները ձախողվեն՝ քննադատության տակ է հայտնվելու հենց «Տաշիր գրուպը», այլ ոչ թե Փաշինյանի կառավարությունը: Մյուս կողմից էլ` համաձայնության գալը դրական ազդակ կլինի երկու կողմերի համար էլ՝ կառավարության համար դա վարկանիշի ավելացում է, իսկ Կարապետյանի համար՝ հնարավորություն առանց խոչընդոտների շարունակել իր բիզնես գործունեությունը Հայաստանում, բացի այդ՝ ավարտին հասցնել նաև Շնհող ՀԷԿ-ի կառուցումը, որին նաև ամերիկյան կապիտալն է մասնակցում, իսկ ամերիկյան, այսպես կոչված, կրեմլյան սև ցուցակում հայտնված Կարապետյանի համար նման համագործակցությունը ցանկալի է:

Սամվել Կարապետյանի` այս ցանկում հայտնվելը պայմանավորված էր նրա՝ ռուսական բիզնես էլիտայի մաս կազմելով, և նպատակ էր հետապնդում թուլացնել ռուսական կապիտալի ազդեցությունը: Այստեղից կարելի է ենթադրել, որ Կարապետյանը կարող է Հայաստանում շարունակել իր բիզնես գործունեությունը և դա մեր տնտեսության համար որևէ բացասական հետևանք ունենալ չի կարող: Կարապետյանը արդեն իսկ հայտարարել է, որ քաղաքական գործունեություն ծավալելու որևէ ծրագիր չունի և արդարության համար պետք է նշել, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում էլ «Տաշիր գրուպի» սեփականատերը ակտիվ քաղաքական գործընթացների մեջ բացահայտ կերպով խառնվելուց զերծ մնաց՝ ընդամենը հանդիսանալով վարչապետի ֆինանսատնտեսական հենարանը:

Փաշինյանի կողմից բազմիցս հնչած «վենդետա չի լինելու» արտահայտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն պարագայում, երբ բիզնես գործունեությունը կծավալվի օրենքի շրջանակներում կառավարությունը իր աջակցությունը կցուցաբերի նրան, անկախ այն բանից թե այս կամ այն գործարարը ինչ դիրք է զբաղեցրել նախկին իշխանությունների օրոք: Մնում է հուսալ, որ կոնկրետ այս հարցում կառավարությունը և «Տաշիր գրուպը» կգան համաձայնության՝ ինչը մեծ քայլ կլինի քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացման ուղղությամբ:

 

Ստելլա Խաչատրյան