Հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստում, 39 դեմ և 62 կողմ ձայներով ընդունվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջարկած ծրագիրը։ Աժ արտահերթ նիստն ուղեկցվեց պատգամավորների ելույթներով, հարցուպատասխաններով, բանավեճերով։ Այս և այլ հարցերի շուրջ  ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

 

-Պարո՛ն Մեհրաբյան,  ինչպե՞ս կգնահատեք կառավարության ներկայացրած ծրագիրը, օրինակ՝ պատգամավորների  հնչեցրած  կարծիքները բազամազան էին․ «սուրճի սեղանի շուրջ զրույցից մինչև բավականին հաջող ծրագիր»։

-Այն կառավարությունը, որն ընդամենը 1 ամիս առաջ է ստանձնել իշխանությունը, ներկայացրեց այն մաքսիմումը, ինչը կարող էր։ Կարելի է շատ խոսել՝  տեքստը կարող էր լինել ավելի ճշգրիտ, ավելի ընդգրկուն,  բայց ներկայացնողը՝ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնպես  չժխտեց դա։ Առաջիկա ժամանակաշրջանում, որպես սկզբունքների համալիր, սա միանգամայն ընդունելի է. դա երևաց նաև քվեարկության արդյունքում։

-Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց մինչև վերջ աջակցել նոր իշխանություներին: Արդյո՞ք այդտեղ ԱԺ-ն չցրելու՝ իշխանությունների  շահագրգռվածությունը կար։

-Չեմ կարծում, թե Հանրապետական կուսակցությունը շահագրգռված էր, որ ծրագիրը չընդունվեր: Դա պարզապես քաղաքականությունը կտաներ փողոց։ Սա նաև Հայաստանի շահերից չէր բխում: Կարծում եմ՝ ընդունվեց միանգամայն ռացիոնալ որոշում։ Բոլորը հասկանում են, որ ԱԺ-ն այս պահին ցրել  չի կարելի, քանի որ պայմաններ առկա չեն նոր ընտրություններ անցկացնելու համար՝ քաղաքական ուժերը պատրաստ չեն, օրենսդրությունը պատրաստ չէ, ինչ-որ տեղ նաև հասարակությունը պատրաստ չէ։

 

-Պարոն Մեհրաբյան, իսկ ի՞նչ գնահատական կտաք ԱԺ նիստում ԲՀԿ-ՀՀԿ ընդգծված փոխադարձ բացասական վերաբերմունքին։

-ՀՀԿ-ի և գործող իշխանությունների միջև նկատվում էր զուտ քաղքական բանավեճ՝ առանց անձնավորման: Այլ էր ԲՀԿ-ի պարագայում։ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ իրենց պահեցին ոչ կոռեկտ, որն ընդամենն ամբոխահաճության համար էր արվում։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ քաղաքականություն էր, կամ, առհասարակ, քաղաքականություն էր։

Զրույցի վերջում Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ ՀՀԿ-ից կլինեն էլի պատգամավորներ, ովքեր կլքեն կուսակցությունը, ինչպես նաև հավելեց, որ ընդունելով կառավարության ծրագիրը, Աժ-ն, ինչ-որ առումով, համաձայնություն տվեց 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, և առաջիկայում քաղաքական  գործընթացն այդ ուղղությամբ կգնա։

 

Լիլիթ Հակոբյան